Ինչու է «Արարատ-Արմենիան» դեմ ՀՖՖ կանոնադրության փոփոխությանը

կողմից admin3

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարություն է տարածել ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելու վերաբերյալ:

Ակումբը նշել է, որ դեմ է քվեարկելու կանոնադրությունում առաջարկվող երկու փոփոխություններին:

«Արարատ-Արմենիայի» պաշտոնական դիրքորոշումը ներկայացվել է գրավոր, քանի որ ակումբի ղեկավար անձնակազմը 2026 թ․նոյեմբերի 4-ին գտնվելու է Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում, որտեղ «Արարատ-Արմենիան» հանդիպելու է «Տորենսեի» հետ՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի շրջանակում և չի կարողանալու մասնակցել ՀՖՖ արտահերթ ժողովին։

Ինչ է տեղի ունեցել իրականում․

Հոկտեմբերի 20-ին ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ ՀՖՖ անդամները կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով դիմել են արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։

Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։ Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։

9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ շենքում:

Հաշվի առնելով հանրային արձագանքը՝ «Արարատ-Արմենիան» ներկայացրել է հետևյալ պարզաբանումները։

Ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ միացել է նախաձեռնությանը՝ երբ քվորումն արդեն ապահովված էր։ Բայց որոշել է միանալ՝ նպատակ ունենալով լսել մյուս ակումբների դիրքորոշումներն ու հիմնավորումները առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ և իր ներկայությամբ արտահայտել սեփական դիրքորոշումը քննարկվող հարցերի շուրջ։

Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան» դեմ է քվեարկելու կանոնադրությունում առաջարկվող երկու փոփոխություններին:

Ինչ փոփոխությունների մասին է խոսքը․

 

– Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար սահմանված երկու պահանջների վերացումը, այն է՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերենին տիրապետելու պահանջները.

– սահմանել, որ եթե Գործադիր կոմիտեի նախագահը, փոխնախագահը կամ անդամները համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել են երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարելու դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Նախապատմություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նոր նախագահի ընտրություններին ընդառաջ ֆեդերացիայում որոշել են կանոնակարգ փոխել և թեկնածու առաջադրվելու համար առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելու և հայերենին տիրապետելու պայմանը հանել:

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ այս փոփոխությունները դեկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացնում են՝ ֆրանսիահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբորը՝ Դենիս Ջորկաեֆին ֆեդերացիայի նախագահ ընտրելու համար:

Ի՞նչ կապ ունի Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի հետ

61-ամյա Ջորկաեֆը 2021-ից Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոսն է, Դեսինի քաղաքապետի տեղակալն է, սակայն, ի՞նչ կապ ունի ֆուտբոլի հետ՝ հայտնի ֆուտբոլիստի եղբայրը լինելուց զատ: Նրա կենսագրության զուտ ֆուտբոլային գործունեությանն առնչվող թերևս հիմնական փուլը 2020-ին ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի միջազգային հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելն է: Ջորկաեֆը նաև բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյանների բիզնես դեսպանն է:

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող կանոնակարգի՝ թեկնածուն վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում պետք է ակտիվ դերակատարում ունենա Հայաստանի ֆուտբոլի ոլորտում, կամ պաշտոն ունենա, կամ նախկին ֆուտբոլիստ լինի, կամ զբաղվի մարզական լրագրությամբ, սպորտային իրավաբանությամբ և այլն:

Հայերենին տիրապետելու պայմանը կասեցնելու հարցը քննարկելու են մի կազմակերպությունում, որի գլխավոր քարտուղարը 3 տարի առաջ վերջին ընտրությունների ընթացքում դիտողություն էր անում «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցին հայերենին չտիրապետելու և ռուսերենով հարց տալու համար:

ՀՖՖ 34 անդամներից արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությանը միացել են 30-ը։

Ցանկում չկան միայն ռուսաստանաբնակ գործարար Ջիվան Ջելոյանցին պատկանող «Ուրարտուն», Հանրապետական նախկին պատգամավոր Արման Սահակյանին պատկանող Գյումրիի «Շիրակը», լրագրող Թաթուլ Հակոբյանի հիմնադրած «Դովեղն» ու 2023-ին հիմնադրված Սպիտակի «Հայք» ակումբը:

«Շիրակից» ակումբից հայտնել են, որ կանոնակարգը փոխելու նախաձեռնությանը միանալու առաջարկ չեն ստացել, ստանալու դեպքում կմերժեին: Ենթադրում են, որ այս ամենը ՀՖՖ ղեկավարության ձեռքի գործն է, ոչ թե ակումբների։ ՀՖՖ ղեկավարությունը պարզապես որոշել է թաքնվել իրենց լոյալ ակումբների հետևում ու գործը թողնել ակումբների վրա։ Դեկտեմբերին ՀՖՖ ընտրություններն են ու որոշել են մի անձի համար կանոնադրություն փոխել, հանել գործող սահմանափակումները, որը թույլ կտա Դենիս Ջորկաեֆին սարքել ՀՖՖ նախագահ։ Միանշանակ է, որ եթե վերջինս լինի թեկնածու, Շիրակ ՖԱ-ն նրա օգտին չի քվեարկի», – նշել է նա:

Ջորկաեֆ եղբայրներից 52-ամյա Միշան էլ Հայաստանում պաշտոն ունի, նա անցած տարվանից Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ նորից առաջադրվել, հրաժարական էր ներկայացրել նաև փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

«Արարատ-Արմենիան» կարծում է, որ նշված փոփոխությունները չեն առաջացել ինքնաբերաբար և չեն բխում որևէ համակարգային բարեփոխման անհրաժեշտությունից։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ հենց այս փոփոխությունները։

Ըստ ակումբի ղեկավարության, ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններից առաջ փորձ է արվում փոփոխել կանոնադրությունը՝ այն համապատասխանեցնելով կոնկրետ թեկնածուի, կոնկրետ անձի համար։ Այս մոտեցումը ոչ միայն ընդունելի չէ, այլև խստիվ դատապարտելի է։

Ֆուտբոլը պետք է հիմնվի արդարության, հավասարության, մրցակցության և թափանցիկության հիմնարար սկզբունքների վրա։ Նույն մոտեցումը կիրառելի է նաև երկրորդ կետի փոփոխության դեպքում։ Ո՞ւմ համար է արվում այս փոփոխությունը, ինչո՞ւ հենց հիմա, ո՞վ է Գործադիր կոմիտեի այն անդամը, որը պաշտոնավարել է երկու տարուց պակաս և ցանկանում է պաշտոնավարել ևս մեկ ժամկետով։ Դատողությունը թողնում ենք ֆուտբոլային հասարակությանը։ Տվյալ պարագայում փորձ է արվում «անհայտ» նախաձեռնողի ձեռքով, հապճեպ ու հախուռն որոշումներով կյանքի կոչել մի նախագիծ (փոփոխությունների փաթեթ), որը, ըստ էության, ենթադրում է ինչ-որ անձի թեկնածության առաջադրումը առաջիկա ընտրություններում։

Ամփոփելով վերոգրյալը նշենք, որ «Արարատ-Արմենիան» ներկայացված նախագծին դեմ է քվեարկելու»,- նշված է ակումբի հայտարարույթան մեջ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode