Կրթության նախարարը վերջապես վերջակետ է դնում Գյումրիի այցեքարտերից մեկը համարվող շինության շուրջ խոսակցություններին. կառավարությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամից ետ է վերցնում «Վառեմ-մարեմ»-ի շենքն ու մտադիր է նորոգել պետության գումարներով:
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից Գյումրիի հայտնի պատշգամբն արդեն մեկ տարուց ավելի է՝ ապամոնտաժված է:
Պատշգամբի փոխարեն երկաթե կոնստրուկցիաներ են, խիստ վթարային շենքը մետաղական հենակներով են ամրացրել, շենքի ներսն են մաքրել: Այսքանով աշխատանքները դադարեցվել են:
Կառավարության որոշմամբ՝ տարիներ առաջ պատմական շենքի վերականգնումը վերապահվել էր գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: Հստակ ժամկետ էր սահմանվել՝ 2027-ի հունիսի 1-ին շինարարությունը պետք է ավարտված լիներ: Անցած տարի, երբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, ապա ընդդիմության շարքերն անցավ, սկսեցին լուրեր շրջանառվել, թե նրա հիմնադրամը չի շարունակի շենքի վերականգնումը:
Հիմնադրամից «Ազատությանը» փոխանցել էին, որ Սամվել Կարապետյանի կալանքի պատճառով որևէ ծրագիր չի կասեցվի: Դրան հաջորդեց նախընտրական փուլը և հիմնադրամը բարեգործության արգելքը չխախտելու պատճառաբանությամբ չվերսկսեց շինաշխատանքները՝ մտավախություն ունենալով, որ իրավապահները դա խախտում կհամարեն ու վարույթ կհարուցեն:
Ինչո՞ւ կառավարությունը որոշեց ետ վերցնել շենքը «Տաշիր» հիմնադրամից, արդյոք այստեղ նաև քաղաքական երանգներ կա՞ն:
«Շենքի հետ կապված նաև բովանդակային առումով ունենք մտքեր, այստեղ կարող է լինել թանգարանային միջավայր, հաշվի առնելով նաև Գյումրու զբոսաշրջային պոտենցիալը, կարող է լինել այնպիսի բովանդակություն, որը թե՛ ցույց կտա այդ մշակութային ժառանգությունը, թե՛ զբոսաշրջիկների համար կստեղծի նոր և հետաքրքիր միջավայր: Պետությունը կիրականացնի անհրաժեշտ բոլոր աշխատանքները կառավարության որոշումը շրջանառվում է, որպեսզի դա գա մեր դաշտ ու մենք այդ աշխատանքներն իրականացնելու հնարավորություն ստանանք», — ըստ «Ազատության», հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Սամվել Կարապետյանի թիմից պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը Գյումրիի օրվա միջոցառման ժամանակ մեղադրանքի սլաքը իշխանությունների կողմն էր ուղղել. «Օրվա իշխանությունները քաղաքական ենթատեքստ տալով «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքին, փորձում են խոչընդոտել շինարարությանը»:
Խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակում ընդգրկված Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը լրացրել էր թիմակցին. «Պատմամշակութային շենք է, որը 0 դրամ պետք է շահույթ տա բարեգործին: Ամբողջը պետք է կառուցի ու հանձնի քաղաքապետարանին այդ մարդն ասում է՝ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան դարձրեք, ինձ այդտեղից բան պետք չէ: Այդ դաշտը չպետք է դարձվի քաղաքական»:
«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո ինչո՞ւ կառավարությունը Գյումրիի խորհրդանիշ դարձած շենքը որոշեց ետ վերցնել Տաշիր բարեգործական հիմնադրամից:
Նախարարությունից բացատրել են, որ թեև շինարարության վերջնաժամկետ կար, սակայն «Տաշիր» բարեգործական հիմնադրամը չի ներկայացրել շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների նախագիծը: Հենց այդ ժամկետները խախտելու համար էլ պետությունը որոշել է ինքը զբաղվել պատմական շենքով:
Նախարարությունից, սակայն, չեն հայտնել, թե երբ կվերսկսեն շինարարությունը: