ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյան հարց հնչեցրեց՝ արդյոք Հայաստանի բյուջեն համապատասխանում է տարածաշրջանի իրականությանը՝ անվտանգության և տնտեսական շահերից ելնելով։ Ըստ պատգամավորի՝ չի համապատասխանում։ Նա մանրամասնեց․
«2027թ․-ի բյուջեի համապատասխան ՊՆ-ին նախատեսվում է հատկացվել 1,7 մլդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 9,5 տոկոսով ավելի է»։
Միաժամանակ պատգամավորը մեջբերեց, որ Ադրբեջանի պաշտպանության բյուջեն ավելանալու է 13 տոկոս՝ մոտ 2 մլդ դոլարով։ Այսուհանդերձ, Դավթյանն այստեղ այլ մտահոգիչ խնդիր է տեսնում։
«2027թ․-ի ՀՀ ԱԱԾ բյուջեն ավելանում է 0,22 տոկոսով։ Սա ինձ համար մտահոգիչ է, քանի որ այդ նույն Ադրբեջանի բյուջեն աճել է մոտ 3 տոկոսով։ Ավելի մտահոգիչ է մեր սահմանապահ զորքերի բյուջեն, որը ևս քիչ է բարձրացել»։
Սակայն պատգամավորի համար զարմանալի ՀՀ ՆԳՆ բյուջեի՝ 40 տոկոսով աճը։
«Կարո՞ղ ա ՆԳՆ-ն ձեզ համար ավելի հարմար որոշումներ է կայացրել, դրա համար եք բարձրացրել։ Ինձ այս ամբողջ պատկերը տալիս է մի հստակ ցուցիչ՝ Հայաստանի Հանրապետությունը վերածվում է ոստիկանապետության։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը դառնում է ոստիկանություն, ոչ թե հենց հանրապետություն։ Դուք մեծացնում եք ՆԳՆ բյուջեն, մի պարզ բանի պատճառով՝ ոգևորելո՛ւ և ոգեշնչելո՛ւ այն ծառայողներին, ովքեր ձեր քաղաքական թելադրանքները շատ հլուհնազանդ կատարում են»,- ասաց քաղաքական գործիչը։