Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահության շրջանակում Կազանում տեղի է ունեցել անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։
Հանդիպման բացմանը ելույթներով հանդես են եկել Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Անդրեյ Խրապովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրանք ընդգծել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման, տեղեկատվության փոխանակման և համատեղ գործողությունների համակարգման կարևորությունը։
Վալերի Սեմերիկովը նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական և քրեական իրավիճակի փոփոխությունների պայմաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված սպառնալիքները շարունակում են մնալ լուրջ մարտահրավեր։ Նրա խոսքով՝ այս խնդիրը մշտապես գտնվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։