Հայաստանից ԱՄԷ շաբաթական մինչև 40 տոննա պտուղ-բանջարեղեն կարտահանվի։
Այս մասին նախատեսող հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ առևտրային հարթակներից մեկի ղեկավար Օմար Մոհամմադ Ալ-Շամսին։
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հայկական թարմ միրգն ու բանջարեղենը նոր ծավալներով կհայտնվեն Արաբական Միացյալ Էմիրությունների շուկայում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել ավելի քան 700 հազար դոլարի թարմ միրգ և բանջարեղեն։ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է գրեթե 1,1 միլիոն դոլարի։
Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանից թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ծավալը 2024 թվականին կազմել է 171,8 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին՝ 190,1 միլիոն դոլար։
Նոր պայմանավորվածության շրջանակում ակնկալվում է ընդլայնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աշխարհագրությունն ու մեծացնել ԱՄԷ շուկա մատակարարվող արտադրանքի ծավալները։