Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Հովիկ Բաղդասարյանի համերգից հետո, 18-ամյա Աշոտ Մադաթյանը ծանր վնասվածքով տեղափոխվել է Երևան։
Երիտասարդի մայրը՝ Ռուզաննա Թարփոշյանը, պատմել է, որ որդին համերգին ընկերների հետ է եղել։ Նրա խոսքով՝ միջոցառումից հետո Աշոտը բարձրացել է աստիճաններով, երբ 16-ամյա Ավետիք Սիմոնյանը, որը նրանց հարազատն է, հարվածել է նրա գլխին։
Մայրը նշում է, որ ընտանիքը չգիտի, թե ինչ առարկայով է հարվածը հասցվել։ Նրա խոսքով՝ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ մահակ, կացին կամ այլ առարկա։ Հարվածի հետևանքով երիտասարդը կորցրել է գիտակցությունը և ստացել դեմքի բազմակի կոտրվածքներ։
Աշոտին նախ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մոր խոսքով՝ նա առաջին երկու-երեք օրերն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նաև խնդիրներ են արձանագրել աչքի հատվածում։
Դեպքից հետո ընտանիքը դիմել է ոստիկանություն։ Մայրը նաև պահանջում է ուսումնասիրել դեպքի վայրի տեսախցիկների հնարավոր տեսագրությունները։ Նրա խոսքով՝ տարածքում կան բանկ, հյուրանոց և այլ շինություններ, որոնք ունեն տեսահսկման համակարգեր։
Ընտանիքը չի ընդունում 16-ամյա տղայի ներկայացրած վարկածը, ըստ որի՝ երեք երիտասարդներ փորձել են իրեն հարվածել, և ինքը պաշտպանվել է։ Նրանք պահանջում են պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ առարկայով է հարվածը հասցվել և ինչ հանգամանքներում է 18-ամյա երիտասարդը ստացել ծանր վնասվածքները։
Մոր խոսքով՝ ընտանիքին դեռևս չեն ներկայացրել քննության ընթացքի վերաբերյալ բավարար մանրամասներ։ Նրանք պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն, տեսագրությունների ուսումնասիրություն, վկաների հարցաքննություն և տեղի ունեցածին համապատասխան իրավական գնահատական։