Շուշիի պատմությունը՝ «Անհերքելի փաստեր» ֆիլմում

կողմից admin

«Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան՝ Երևանում

Օգոստոսի 31-ին Երևանում կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։ Ցուցադրությունը նախատեսված է Նարեկացի արվեստի միությունում՝ ժամը 19։00-ին։

Ֆիլմը ներկայացնում է Շուշիի պատմությունը՝ հիմնվելով պատմական սկզբնաղբյուրների, արխիվային փաստաթղթերի և գիտական ուսումնասիրությունների վրա։ Այն անդրադառնում է քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը, Շուշիի՝ որպես հասարակական, քաղաքական և մշակութային կենտրոնի դերին, ինչպես նաև քաղաքի հոգևոր և կրթական ժառանգությանը։

Կինոնկարում ներկայացվում են նաև 1920 թվականի իրադարձությունները, Շուշիի հետագա վերականգնման փուլերն ու նորագույն պատմության առանցքային դրվագները։

Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, իսկ սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։ Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ վեց տարի։ Այդ ընթացքում այն մի քանի անգամ վերամշակվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի պատերազմը, համավարակը, Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրան հաջորդած հայ բնակչության բռնի տեղահանությունը։

Ֆիլմում օգտագործվել են արխիվային կինոխրոնիկայի կադրեր, ինչպես նաև հայ և ռուս գիտնականների ու փորձագետների մեկնաբանություններ։

Focus Mode