Թուրքերը՝ ԵՄ-ի հաշվին, հայերը՝ իրենց գրպանից․ ո՞ւմ համար է այս համաժողովը

կողմից admin2

Հայաստանում անցկացվել է հայ-թուրքական երկօրյա տնտեսական համաժողով, որին, ըստ «Հրապարակ»-ի, մասնակցելու համար Հայաստան էին ժամանել շուրջ 150 թուրք գործարարներ։ Միջոցառումն անցկացվել է Երևանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում և կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից։

Թերթի տեղեկություններով՝ համաժողովը ֆինանսավորվել է Եվրոպական Միության դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակներից մեկը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու միջսահմանային տնտեսական կապերի ամրապնդմանը նպաստելն է։

Ուշագրավ հանգամանք է, որ, ըստ «Հրապարակ»-ի, թուրք գործարարների ընտրությանը հայկական կողմը չի մասնակցել և չի որոշել նաև նրանց թվաքանակը։ Հայկական կողմը միայն հրավերներ է ուղարկել Հայաստանի գործարարներին։ Նախապես մասնակցությունը հաստատել էր շուրջ 140 հայ գործարար, սակայն միջոցառմանը ներկա է եղել մոտ 120-ը։

Թերթի հրապարակման համաձայն՝ թուրքական պատվիրակության այցի ընթացքում նրանց սննդի, Երևանի կենտրոնում հյուրանոցային կեցության, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելությունների և այլ ծախսերը հոգացել են դրամաշնորհային միջոցներից։

Միևնույն ժամանակ, Հայաստանի մարզերից Երևան ժամանած գործարարների համար գիշերակացի կամ այլ ծախսերի ֆինանսավորում չի նախատեսվել։ «Հրապարակ»-ը որպես օրինակ նշում է Մեղրին ու Ագարակը՝ ընդգծելով, որ այդ համայնքներից գործարարները Երևան են եկել սեփական միջոցներով, մինչդեռ թուրք գործարարների ծախսերը փոխհատուցվել են ծրագրի շրջանակում։

Միջոցառման կազմակերպիչների ներկայացմամբ՝ համաժողովի ընթացքում տարբեր ոլորտների՝ այդ թվում արդյունաբերության և տեքստիլի ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել կապեր հաստատելու և հետագա համագործակցության հեռանկարներ քննարկելու։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նախապես հայտնել էր, որ կառավարությունն ուղղակիորեն չի կազմակերպում համաժողովը։

Միևնույն ժամանակ, համաժողովի շրջանակում Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան առաջարկել է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն՝ այն ներկայացնելով որպես երկու երկրների միջև ձևավորվող տնտեսական հարաբերությունների կառավարման անհրաժեշտ գործիք։

ԵՄ դրամաշնորհի ընդհանուր չափը հրապարակման մեջ հստակ նշված չէ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ խոսքը կարող է լինել 100 հազար դոլարից ավելի գումարի մասին, սակայն այդ թիվը պաշտոնապես չի հաստատվել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode