Բնակարանային ապահովման երկարաժամկետ ծրագրով ընդամենը 4000 ընտանիք է լուծել իր բնակարանային հարցը. 8000 ընտանիք վերցրել է հավաստագիրը, որից իրացրել են 4000-ը։ Այս մասին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում միգրացիոն հոսքերով պայմանավորված թռիչքային աճ է արձանագրվել անշարժ գույքի վարձավճարների շուկայում։
«Արցախցիներն այս իրավիճակում ամենաշատը տուժող մարդիկ են։ Իսկապես մարդկանց վիճակը ծանր է։ Պետական չնչին աջակցությունը, որ վարձավճարների համար տրամադրվում է արցախցիներին, որևէ ձևով չի համապատասխանում նրանց կարիքներին»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։