Շատ տղա դիմորդներ իրենց բուհ ընդունվելու մասին իմացան արդեն զորամասում։ Ի՞նչ պետք է անեն նորակոչիկներն ու նրանց ծնողները՝ բուհում ծառայության ավարտից հետո ուսանելու համար։
Բուհ ընդունված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձինք պետք է սահմանված կարգով ձևակերպեն ուսումնառության դադարեցումը՝ պահպանելու իրենց ուսանողական իրավունքները։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ եթե անձը բուհ ընդունվելու մասին տեղեկացել է զորակոչվելուց հետո, ապա նրա փոխարեն օրինական ներկայացուցիչը կամ լիազորված անձը պետք է մինչև սեպտեմբերի 10-ը բուհ ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ զորակոչվելու վերաբերյալ տեղեկանքը։
«Ժամկետային զինծառայության զորակոչվելուց հետո բուհ ընդունվելու մասին ծանուցված անձի փոխարեն նրա օրինական ներկայացուցիչը կամ լիազորված անձը պետք է սահմանված ժամկետում՝ մինչև սեպտեմբերի 10-ը, բուհ ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ զորակոչվելու վերաբերյալ տեղեկանքը»,- նշեցին կոմիտեից։
Փաստաթղթերը ստանալուց հետո բուհը զինվորական ծառայության հիմքով ձևակերպում է ուսանողի ուսումնառության դադարեցումը։ Զորացրվելուց հետո անձը պետք է դիմի բուհ՝ ուսումը շարունակելու համար։ Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել զորացրվելուց հետո երկու ամսվա ընթացքում, իսկ կոնկրետ ժամկետներն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը պետք է ճշտել տվյալ բուհի ընդունող հանձնաժողովից։
Երևանի պետական համալսարանը ևս տեղեկացրել է բուհ ընդունված և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված ուսանողների գործողությունների մասին։ Ըստ ԵՊՀ-ի՝ նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ լիազորված անձը սեպտեմբերի 1-10-ը պետք է համապատասխան ուսումնական ստորաբաժանման գրասենյակ ներկայացնի զինվորական ծառայության մեկնելու վերաբերյալ ծանուցագիրը, ստորագրի ուսումնառությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և այն ներկայացնի ԵՊՀ ընդհանուր բաժին՝ տարկետում ձևակերպելու համար։ Տարկետում չձևակերպելու դեպքում ուսանողը կարող է կորցնել իր տեղը։
Վճարովի ուսուցման համակարգ ընդունված և զինվորական ծառայության մեկնածների դեպքում նույնպես գործում են սահմանված պայմաններ։ Եթե ուսանողը կիսամյակի ուսման վարձի առնվազն 25 տոկոսը վճարել է, ապա զորացրվելուց հետո կվճարի ընդունելության ուսումնական տարում տվյալ կրթական ծրագրի առաջին կուրսի համար սահմանված ուսման վարձը։ Իսկ եթե նշված գումարը չի վճարել, ապա զորացրվելուց հետո կվճարի ընթացիկ ուսումնական տարում տվյալ կրթական ծրագրի առաջին կուրսի համար սահմանված ուսման վարձը։
Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ուսանողական իրավունքները վերականգնելու համար դիմումը պետք է ներկայացվի սահմանված ժամկետներում։ Ամառային զորակոչի դեպքում՝ ուսումնառության դադարեցման պատճառը վերանալուց հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ ձմեռային զորակոչի դեպքում՝ ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում
