Դասախոսը դատարանում հաղթել է իր տնօրենին

կողմից admin

Գրող, լրագրող և խմբագիր, 53 տարի Իջևանի քոլեջում դասախոս աշխատած Զավեն Ալավերդյանի հայցն ընդդեմ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի դատարանը բավարարել է։

Ալավերդյանը դատարան էր դիմել՝ վիճարկելով քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանի՝ իրեն կարգապահական տույժ նշանակելու հրամանը։ Նկատողությունը նրան տրվել էր այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն ահազանգել էր դասերի ընթացքում քոլեջի ելքերը բանալիով փակ պահելու մասին՝ նշելով, որ դա վտանգավոր է շուրջ 350 ուսանողների և 80 աշխատակիցների համար։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը հուլիսի 28-ի վճռով անվավեր է ճանաչել Մարգարիտ Պողոսյանի հրամանը և քոլեջից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես պետական տուրք։

Ալավերդյանին տրված երկրորդ նկատողության հարցով ևս դատական գործընթացը շարունակվում է։ Այդ գործը նույնպես քննում է դատավոր Նարինե Անանյանը, իսկ հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 7-ին։

Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթն ավարտվել է։ Հոգաբարձուների խորհրդի հունիսի 15-ի նիստում քվեարկությամբ քոլեջի տնօրեն է նշանակվել Նարինե Իշխանյանը։

Focus Mode