Տեր Հարություն քահանա Ավագյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց սրբազանների գործով դատավարությունը համարում է Հայաստանի համար ամենավտանգավոր դատը։
Նրա խոսքով՝ Վեհափառ Հայրապետին հայրենիքում և հայրենի հողի վրա դատելը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
«Իր Հայրենիքում, հայրենի հողի վրա, անօրեն կարգով դատել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ»,- նշել է Տեր Հարությունը։
Նա նաև պնդել է, որ այս դատավարությունը կարող է խորացնել հասարակության պառակտումը և հանգեցնել նոր զոհերի։
«Այս շինծու դատավարությունը Հայաստանին կարող է բերել արհավիրք, խորացնել հասարակության պառակտումն ու հանգեցնել նոր զոհերի»,- ասել է քահանան՝ մեջբերելով Ավետարանից. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։
Հիշեցնենք՝ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատավորը նշել է, որ ընդդատության խնդիր է տեսնում և մտավախություն ունի, որ հակառակ որոշման դեպքում կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։