Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանքից հետո այժմ ազատության մեջ է՝ վարչական հսկողության, 3 միլիոն դրամ գրավի և բացակայելու արգելքի պայմաններով։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Մալոյանը հուլիսի 3-ին երկու ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Մալոյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերելու և դրանք հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելու մեջ։ Գնդապետը նախկինում եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։
Մալոյանի գործով անցնում է նաև ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որը ևս սկզբում կալանավորվել էր։
Մալոյանի պաշտպան Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրել է նաև տնային կալանքը։ Դրա փոխարեն Մալոյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն՝ 3 միլիոն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցությամբ։