Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նախաձեռնվել են քրեական նոր վարույթներ

կողմից admin1

Քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, — տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը։

Ըստ ծառայության ներկայացրած տվյալների` Կոտայքի մարզի Առինջ համայնքում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Ծառուկյանին պատկանող ընկերություններին։

Մասնավորապես, Առինջում գտնվող ինժեներական ենթակառուցվածքով 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲ ընկերությանը։

Բացի այդ, 2017 թվականին Առինջում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող 11․2 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 36․29 հա բնակավայրերի նպատակային նշանակության և 28․96 հա այլ բարձրարժեք՝ ընդհանուր 8 մլրդ 38 մլն 9325 դրամ կադաստրային արժեքով հողերը փոխադրվել են ցածրարժեք՝ ընդհանուր 5 մլն 160 509 դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ արոտի կատեգորիայի։

Արդյունքում՝ կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար 816 դրամով կամ շուրջ 99.94 տոկոսով։ Գերատեսչությունից պնդում են, որ դրանից հետո այս հողատարածքները համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի, որի արդյունքում դրանք 21 մլն 533 157 դրամ գումարով օտարվել են Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ–ին։

«Գործարքները, սակայն, վերոնշյալ սահմանափակումների պատճառով իրավունքի պետական գրանցում չեն ստացել, բայց նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկինում կայացած աճուրդների արձանագրությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված և ուժի մեջ մտած համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, թե ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ–վաճառքի 4 պայմանագրեր, որոնց միջոցով ապահովվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, և այն Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։

ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից տեղեկացնում են, որ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode