Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց նաև կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և ի նպաստ միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։
Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ Հայոց Հայրապետը գնահատեց «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ընդգծեց, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։
Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին աշխարհասփյուռ հայության կյանքում Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, միջկրոնական հարաբերություններին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։