«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային այլ կառույցների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը Հայաստանի իշխանությունների միջամտության վերաբերյալ։
«Հայաքվե»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործերի և օգոստոսի 28-ին նշանակված նախնական դատական նիստի վրա։
Միավորման պնդմամբ՝ ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները երաշխավորում են կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունն ու պետությունից դրանց անջատությունը, ինչպես նաև ճանաչում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։
«Հայաքվե»-ն միջազգային կառույցներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, դրանք գնահատել կրոնի և դավանանքի ազատության, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների շրջանակում և ապահովել անկախ միջազգային դիտարկում։
Միավորման հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարցը միայն կրոնական չէ, այլ նաև սահմանադրաիրավական և ազգային նշանակություն ունի։
«Մենք՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և ՀՀ քաղաքացիներ, կանգնած ենք Հայաստանի Հանրապետության օրինականության, սահմանադրական կարգի, կրոնի ազատության և մեր ազգային Եկեղեցու ինքնավարության պաշտպանության կողքին»,- նշված է հաղորդագրությունում։