Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ -ն փոխեց կանոնադրությունը

կողմից admin1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Արտահերթ ժողովը:

Ժողովին մասնակցեցին ՀՖՖ 34 անդամներից 31-ը:

Օրակարգում ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու հարցն էր։

Քվեարկության արդյունքում 29 կողմ, 2 դեմ ձայնով կանոնադրական փոփոխությունները մտան ուժի մեջ:

Առաջարկվում էր կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։

Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։

Նախագծով առաջարկվում էր հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Առաջարկվում էր նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։

Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։

Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։

Այսպիսով, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ այս փոփոխությունները դեկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացնում են՝ ֆրանսիահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբորը՝ Դենիս Ջորկաեֆին ֆեդերացիայի նախագահ ընտրելու համար:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode