«Ջիպը» մեզ էր հետևում քարոզարշավի ընթացքում, Սերգեյ Բագրատյանը զբաղված էր ուղղորդումներով. Նարեկ Վարազդատյան

կողմից admin1

Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին չհաջողվեց 50+1 տոկոս քվե ստանալ, և փաստացի ընդդիմությունը ավելի շատ ձայներ ստացավ:

«Ուժեղ դարաշրջան» կուսակցության համակիր, Շախմատի միջազգային կարգի մարզիչ Նարեկ Վարազդատյանը վստահ է, որ ՔՊ-ն Եղեգնաձորում հաղթանակ չի տարել։

«Չնայած բազմաթիվ ընտրախախտումների՝ ՔՊ-ին չի հաջողվել վաստակել 50% վստահություն, ինչը, միանշանակ, խոսում է նրանց պարտության մասին: Հատկապես կառանձնացնեմ մի քանի հանգամանք. ողջ քարոզարշավի ընթացքում մեր համակիրներին հետևել է «ջիպ» մակնիշի ավտոմեքենա, որի համարանիշները ֆիքսելուց և լրատվական կայքերին տեղեկացնելուց հետո անմիջապես անհետացել է:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ընտրության օրը առավոտից երեկո չի հեռացել ընտրատեղամասից և զբաղվել է ուղղորդմամբ:

Ինչ վերաբերում է մանդատների բաշխմանը, ապա պետք է նշեմ, որ ՔՊ-ն 27 մանդատներից ստացել է ընդամենը 13-ը, նույնքան մանդատ է ստացել նաև գործող քաղաքապետ Դավիթ Հարությունյանի թիմը, ևս 1 մանդատ է ստացել «Նոր Դարաշրջանը»»,- 5-րդ ալիքին ասել է Վարազդատյանը:

Դիտարկմանը, որ ասում են, թե գործող համայնքապետի հաղթանակը նույնն է, ինչ ՔՊ-ն հաղթի, որովհետև իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է, Նարեկ Վարազդատյանն արձագանքեց. «Իշխանության այն պնդումները, թե Եղեգնաձորում հաղթանակ են տարել, չի համապատասխանում իրականությանը և հերթական չստացված սցենարն է հիշեցնում:

Ինչ վերաբերում է գործող քաղաքապետին, հարկ եմ համարում նշել, որ նա ձայների ահռելի տարբերությամբ հաղթանակներ է տարել Եղեգնաձորի բոլոր 4 ընտրատեղամասերում՝ Գլաձոր, Գետափ, Մալիշկա գյուղերում: Կարծում եմ, Եղեգնաձորի քաղաքապետ պետք է ընտրվի եղեգնաձորցին, հայը, հայամետը: Հանուն արդարության պետք է նշեմ, որ քաղաքապետը վայելում է եղեգնաձորցիների սերն ու հարգանքը:

Դավիթ Հարությունյանին շատ վաղուց եմ ճանաչում, ճանաչում եմ որպես ԲՀԿ ներկայացուցիչ, և վստահ եմ՝ իր հաղթանակը ՔՊ-ի պարտությունն է»,- ասել է Վարազդատյանը՝ հավելելով, որ առաջիկայում կայանալիք ավագանու նիստի ժամանակ միայն պարզ կդառնա, թե ով է ընտրվելու Եղեգնաձորի քաղաքապետ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode