Եվրամիությունը և Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Սևծովյան տարածաշրջանի երկրները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ և առևտրային կապերի զարգացման հարցերը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
Նախ տեղի է ունենալու ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս անգամ քննարկումները սկսելու են Սիրիայից և Մերձավոր Արևելքից։
«Այնուհետև կանցկացվի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների նախարարական հանդիպումը։ Կարծում եմ՝ այն շատ ժամանակին է, հատկապես՝ հաշվի առնելով Սև ծովում տեղի ունեցող հարձակումները, որոնք գրանցվեցին հենց անցած շաբաթավերջին։ Մենք կքննարկենք Սև ծովի անվտանգությունը, ինչպես նաև կապակցվածության հարցերը։
Էլ ի՞նչ կարող ենք անել միասին։ Բոլորը ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ պորտֆելները, առևտրային ուղիներն ու մատակարարման շղթաները։ Ուստի շատ ուրախ եմ այստեղ ողջունելու այսքան մեծ թվով նախարարների», նշել է Կալլասը։