Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացել է «Ծաղկունք» միջազգային փառատոնի 10-րդ հոբելյանական միջոցառումը։ «Մոսպրոդյուսեր» համերգասրահում անցկացվել են երկու մեծամասշտաբ համերգային ծրագրեր՝ մեկ հարկի տակ համախմբելով տարբեր երկրներից ժամանած պարային համույթների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների։
Փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և ներկայացնելու հայկական ազգային պարի ավանդույթները։
Փառատոնի չորս փուլերն ամփոփվել են հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով նախաձեռնության դերը հայկական մշակույթի պահպանման, զարգացման և միջազգային հարթակներում տարածման գործում։
«Ծաղկունք» միջազգային փառատոնը տարիների ընթացքում դարձել է Հայաստանից և արտերկրից ժամանած պարային համույթների համագործակցության հարթակ՝ նպաստելով մշակութային փորձի փոխանակմանը և տարբեր երկրների հայկական համայնքների միջև կապերի ամրապնդմանը։
Փառատոնի կազմակերպիչ «Կամուրջ» մշակութային կենտրոնի գործունեության հիմնական նպատակներից են հայկական պարարվեստի հանրահռչակումը, ստեղծագործական խմբերի համար միջազգային բեմերում հանդես գալու հնարավորությունների ստեղծումը և Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի ընդլայնումը։
Մոսկվայում կայացած 10-րդ հոբելյանական փառատոնը հերթական կարևոր իրադարձությունն էր հայկական մշակույթը միջազգային հանրությանը ներկայացնելու և տարբեր երկրներում ապրող հայերին ազգային արվեստի շուրջ համախմբելու գործում՝ հիմք ստեղծելով հետագա մշակութային նախաձեռնությունների իրականացման համար։