Այսօր՝ օգոստոսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել՝ թողնելով երկտող, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել։
Որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափի տարածքում՝ ափից մոտ 60 մետր հեռավորության վրա, Սևանա լճում հայտնաբերվել է քաղաքացու մարմինը։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը դուրս է բերել մարմինը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդու պարանոցին կապված քար է հայտնաբերվել, իսկ նրա տանը իրավապահները նամակ են գտել։
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։