14
Պատմաբան, լրագրող Կարպիս Փաշոյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանի Ալիևին և Էրդողանին քծնելու ու սիրաշահելու ձգտումը անցնում է ողջամտության սահմանները։
Արդեն որերորդ անգամն է, որ նա իր բանավոր խոսքում և պաշտոնական հաղորդագրություններում Նախիջևան տեղանունը արտասանում է թյուրքական հնչողությամբ։
Հազարամյակների ընթացքում հայերենը ձևավորել է աշխարհագրական տերմինների և տեղանունների իր սեփական և ուրույն համակարգը, ինչպես ցանկացած լեզու։ Այսինքն, ամենևին էլ պարտադիր չէ քաղաքական կեղծ ու արհեստական շարժառիթներով նենգափոխել հայերի լեզվամտածողությունը։
Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ թյուրքական տարրը, ներխուժելով Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա թերակղզի, ամբողջությամբ ձևախեղել ու կերպափոխել է անվանումների հայկական, հունական և իրանական ավանդական ձևերը։ Սա հիմա քաղաքական քննարկման հարց չէ, պարզապես պետք է հասկանալ, որ եթե մենք Նախիջևանին Նախիջևան ենք կոչում, ամենևին էլ պետք չի ենթադրել, թե տարածքային պահանջներ ենք ներկայացնում Ադրբեջանին։
Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա վրացիներին էլ դուր գալու համար պետք է սկսենք Վրաստանը Սաքարթվելո կոչել։ Ի՞նչ իմանաս, միգուցե նաև Գյուրջիստան։ Հունաստանը՝ Հելլադա, Լեհաստանը՝ Փոլանդ, Գերմանիան՝ Դոյչլանդ և այլն։
Չենք անում չէ՞։ Եվ ոչ թե այն պատճառով որ չենք հարգում հարևաններին ու աշխարհի մյուս պետություններին, պարզապես մենք ունենք մեր լեզուն և լեզվամտածողությունը, որը ձևավորվել է 4000 հազար տարիների ընթացքում։
Դադարեցրեք այս կրկեսը, արդեն ծիծաղելու չի։