Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի քրեական գործն ուղարկվել է նոր քննության,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը, և քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։
Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել հետևյալ բովանդակությամբ` օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկել առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության:
Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանություն, իսկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։
Դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվել է հենց առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ։
Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։
Հիշեցնենք նաև, որ 2026 թ. մարտին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել էր ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակից, պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին։