Թեղուտի արտադրանքը Չինաստանի փոխարեն կարտահանվի ԱՄՆ

կողմից admin1

Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ձեռք բերման հիմնական նպատակներից մեկը հանքային ռեսուրսներին ամերիկյան հասանելիության ապահովումն էր, Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող, TRIPP+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։

Սոկոլովը նշել է, որ մինչ օրս Թեղուտի արտադրանքի մեծ մասն արտահանվել է Չինաստան։ Սակայն նա մտադիր է վերակողմնորոշել մատակարարումները դեպի ԱՄՆ:

Սոկոլովը նախատեսում է տարեկան արտադրությունը հասցնել 120-130 հազար տոննա պղնձի խտանյութի, որը պարունակում է մոտ 26-28 հազար տոննա պղինձ: Նրա խոսքով ՝ նոր արտադրական հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ձեռնարկությունն ողջ հզորությանը կհասնի 2031 թվականից:

Սոկոլովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության մասին հուշագիրն աննախադեպ իրադարձություն է, որը կարող է արմատապես վերափոխել տարածաշրջանը:

Գործարար Կոնստանտին Սոկոլովը խոշոր բաժնեմաս ունի Viva Armenia-ում, և այս տարվա սկզբին ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երկրորդ պղնձամոլիբդենային հանքավայրը՝ ԱՄՆ կառավարությունից հատուկ թույլտվություն ստանալուց հետո:

Թեղուտը պղնձի եւ մոլիբդենի պաշարներով երկրորդ հանքավայրն է Հայաստանում: Նրա գնահատված պաշարները կազմում են շուրջ 450 մլն տոննա հանքաքար, իսկ արտադրական ենթակառուցվածքը ներառում է գործող լեռնահարստացման կոմբինատը:

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode