Սա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր, երբևէ չունեցած մակարդակ է: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն այստեղ ունենալու է իր էական մասնակցությունը և հետապնդելու է իր տնտեսական շահերը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Ըստ Միրզոյանի՝ սա համաձայնագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, որի նպատակն է կանոնակարգել TRIPP ընկերության գործունեությունը և դրա հետագա կառավարումը:
Նախարարը նաև ընդգծել է, որ սա այն ընկերությունն է, որը հետագայում կառուցելու և կառավարելու է նախագիծը, ստանալու է կոնցեսիոն իրավունքներ:
«Այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ, այսինքն՝ մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, և թերևս այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն»:
Ըստ Միրզոյանի՝ փաստաթղթում 8 անգամ գործածվում է «ինքնիշխանություն» բառը: