«Հրապարակ»-ը գրում է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ Ըստ հրապարակման՝ ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը վերջին տարիներին աճել է․ 2023-ին այն կազմել է շուրջ 542 մլն դրամ, 2024-ին՝ 603 մլն դրամ, իսկ 2026-ին 2025 թվականի համեմատ ավելացել է ևս 18 մլն դրամով։
Թերթի տեղեկություններով՝ այդ միջոցները նախատեսված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված պետական առանձնատների պահպանության, կոմունալ, անվտանգության և տեխնիկական սպասարկման ծախսերի համար, սակայն, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրի, ՊՈԱԿ-ի միջոցներից հոգացվում են նաև այլ կենցաղային ծախսեր։
«Հրապարակ»-ը, մասնավորապես, գրում է, որ ՊՈԱԿ-ը հոգում է նաև վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ նրանք գնում են մանիկյուր-պեդիկյուր անելու, իսկ ծառայության դիմաց գումարը փոխանցվում է սրահին ՊՈԱԿ-ից։
Թերթը նշում է, որ տեղեկությունը փորձել է ճշտել վարչապետի աշխատակազմից։ Խոսնակ Մելանյա Հարությունյանը գրավոր հարցում է խնդրել, որն ուղարկվել է, սակայն, ըստ «Հրապարակ»-ի, մոտ 15 օր անց պատասխան չի ստացվել։