Հայկական Zeyro ուղևորափոխադրումների հարթակը հայտարարում է իր վերադարձի և համակարգի լայնածավալ թարմացման մասին։ Ամիսներ տևած աշխատանքի արդյունքում արդիականացվել է համակարգը՝ նպատակ ունենալով բարելավել ծառայության որակը, բարձրացնել աշխատանքի կայունությունն ու վարորդների և ուղևորների համար ապահովել ավելի հարմարավետ փորձառություն։
Zeyro-ի նոր տարբերակում թարմացվել է հավելվածի դիզայնը, ներդրվել է նոր քարտեզ, ինչպես նաև կատարելագործվել են տեղորոշման, երթուղիների կառուցման և պատվերների բաշխման մեխանիզմները։
Փոփոխություններ են կատարվել նաև ուղևորության կառավարման համակարգում․ այսուհետ հնարավոր կլինի ուղևորության ընթացքում ավելացնել նոր կանգառներ կամ փոփոխել արդեն առկա կանգառները։ Բարելավվել է նաև վարորդների և պատվիրատուների միջև կապը։
Հարթակը ներկայացրել է վարորդների համայնքի համար նախատեսված նոր iOS հավելված։ Բացի այդ, ընդլայնվել են վարորդների անձնական էջերում հասանելի հաշվետվություններն ու վերլուծական տվյալները, իսկ ֆրանչայզինգի համակարգում իրականացվել են կարևոր փոփոխություններ։
Ընկերության հայտարարության համաձայն՝ Zeyro-ն հայկական տեխնոլոգիական լուծում է, որը մշակվել է Հայաստանում՝ տեղական մասնագետների կողմից։ Հարթակն օգտագործում է սեփական սերվերային ենթակառուցվածքները, ինչը, ընկերության գնահատմամբ, նպաստում է համակարգի հուսալիությանն ու անկախությանը արտաքին տեխնոլոգիական լուծումներից։
Zeyro-ի թիմը նշում է, որ համակարգի վերակառուցման հիմնական նպատակն է եղել նվազեցնել տեխնիկական խնդիրները և ապահովել ծառայության առավել կայուն ու անխափան աշխատանքը։
Ընկերությունը նաև հայտնում է, որ առաջիկայում նախատեսում է ներկայացնել նոր հնարավորություններ։ Միաժամանակ, հաշվի առնելով ուղևորափոխադրումների պահանջարկը, որոշում է կայացվել չհետաձգել ծառայության թարմացված տարբերակի մեկնարկը։
Zeyro-ի թիմը հույս է հայտնել, որ նոր հնարավորություններն ու բարելավումները կնպաստեն վարորդների և ուղևորների ակտիվ ներգրավվածությանը։
