Հայաստանում սպանության փորձերն աճել են

կողմից admin

Հայաստանում 2026-ի առաջին վեց ամիսների ընթացքում հաստատված սպանությունների թիվը նվազել է՝ կազմելով 20 դեպք նախորդ տարվա 21-ի համեմատ, մինչդեռ սպանության փորձերն աճել են 12-ով կամ 30,8%-ով՝ հասնելով 51-ի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով կիսամյակային հանցավորության կառուցվածքի հիմնական միտումները

Փոխնախարարի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով՝ կազմելով 21,960 (2025-ի վեց ամիսների 22,025-ի դիմաց), ինչը, ըստ Ցուցուլյանի, հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների կրճատմամբ։

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում նվազել է 1,9%-ով․ արձանագրված դեպքերի 88,2%-ը ոչ մեծ և միջին ծանրության, իսկ 11,8%-ը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են։ Ցուցուլյանի խոսքով՝ այս կառուցվածքը վկայում է, որ երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից անվտանգ է։

Անդրադառնալով սպանության փորձերի աճին՝ պաշտոնյան նշել է, որ դրանք հիմնականում իրավիճակային (հանկարծակի ծագած դիտավորությամբ) հանցագործություններ են։ Ընդ որում, 51 դեպքից 4-ը կատարվել են նախորդ տարում, սակայն հաշվառվել են 2026-ի հաշվետու ժամանակահատվածում, 6-ը սպանության նախապատրաստության դեպքեր են, որոնք կանխվել են քրեական ոստիկանության օպերատիվ աշխատանքի արդյունքում, իսկ մի մասն էլ նախաքննության փուլում վերաորակվել է։

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ Հայաստանում 100,000 բնակչության հաշվով սպանությունների ցուցանիշը համադրելի է կամ ցածր եվրոպական և ապահովված այլ երկրների միջին մակարդակից։

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարելավվել է․ մեղադրանք ներգրավված լինելու հիմքով բացահայտված դեպքերը 2025-ի 64,7%-ից (14,242 դեպք) 2026-ին հասել են 73,5%-ի (16,147 դեպք)։ Բացի այդ, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ տարված աշխատանքների շնորհիվ առգրավված հրազենի թիվն աճել է շուրջ 8%-ով՝ հասնելով 1,293-ի, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նվազել են 11.9%-ով՝ կազմելով 52 դեպք։

Focus Mode