Կիսելյովը պատմել է, թե ինչ վտանգների կարող է բախվել Հայաստանը Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում։
Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ իդեալական աշխարհաքաղաքական ավար նրանց համար, ովքեր դարեր շարունակ սպասել են այն պահին, երբ կկարողանան այն բաժանել ազդեցության ոլորտների, կարծում է լրագրող Դմիտրի Կիսելյովը։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ առանց ռուսական հավասարակշռող գործոնի Հայաստանը կարող են արագ բաժանել ազդեցության ոլորտների նրանք, ովքեր դարեր շարունակ սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար», — ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` գրել է Կիսելյովը «Մաքս» սոցիալական հարթակում։
Նրա կարծիքով՝ Հայաստանը, որը շարունակում է ցուցադրաբար շարժվել դեպի Եվրամիություն, վտանգավոր ուղի է բռնել։
«Նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նոր դաշնակիցներ ամբողջությամբ ձեռք բերելու միջև բավական երկար ժամանակ կանցնի։ Եվ սա ենթադրություն չէ, այլ պետությունների փորձից բխող փաստ։ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իրենց հերթին սպասում են արդեն գրեթե 5 տարի, Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան՝ 17 տարի, Հյուսիսային Մակեդոնիան՝ 22 տարի, իսկ Թուրքիան իսկական ռեկորդակիր է՝ արդեն 40 տարի եվրոպական «ծաղկուն այգու» «բարեկամների գոտում» է», — նշել է Կիսելյովը։
Լրագրողի կարծիքով՝ Հայաստանը փաստացի շարժվում է պետականությունը կորցնելու ճանապարհով։
«Թվում է՝ ամեն ինչ այնքան հեշտ է, երբ պետություն կա, կա ռուսական ռազմաբազա, կա ռազմական հավասարակշռություն՝ շուրջբոլորը և երկրի ներսում, ու ամեն ինչ լավ է։ Բայց երբ տարածաշրջանում առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի ներկայությունը, ոտքերի տակից աթոռի նման դուրս քաշվի, Հայաստանը կհայտնվի կախված վիճակում։ Շատերը կցանկանան օգտվել Հայաստանի հաշվին, ինչպես ցույց է տալիս պատմությունը», — հավելել է Կիսելյովը։