Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հոկտեմբերի 31-ին երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով և խանութների թալանով։
Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Ֆրանկֆուրտի կենտրոնում ցուցարարների և իրավապահների միջև բախումների ընթացքում կոտրվել են մի շարք խանութների ցուցափեղկեր։ Անկարգությունների մասնակիցները ներխուժել են նաև քաղաքի գլխավոր առևտրային փողոցներից մեկում գտնվող զենքի խանութ և հափշտակել ապրանքներ։
Ոստիկանության տվյալներով՝ զենքի խանութի վրա հարձակումից հետո մի քանի անձ է ձերբակալվել, առգրավվել է խանութից վերցված երկու զենք։ Դրանց տեսակի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Իրավիճակը վերահսկելու նպատակով ոստիկանությունը փակել է Ֆրանկֆուրտի կենտրոնական առևտրային փողոցներից մեկը՝ Ցայլը։ Իրավապահների ուղղությամբ նետվել են քարեր, շշեր և հրկիզող նյութերով շշեր։ Բախումների հետևանքով վիրավորվել են նաև ոստիկանության աշխատակիցներ։
Հոկտեմբերի 31-ին երիտասարդների զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել Գերմանիայի 34 քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում և Շտուտգարտում։
Ակցիաների մասնակիցները պահանջել են բարելավել կրթության որակը, նվազեցնել կյանքի ծախսերը և հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության ներդրման ծրագրերից։
Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի մեծ մասն անցել է խաղաղ, սակայն որոշ քաղաքներում երեկոյան ժամերին բախումներ են սկսվել ցուցարարների առանձին խմբերի և ոստիկանության միջև։