ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին կրկին սպառնացել է վերսկսել Իրանին ավիահարվածները՝ առանց այլ մանրամասներ նշելու:
«Միակ պատճառը, որ ես դեռ չեմ ավարտել Իրանի հետ կապված իմ հաշիվները, այն է, որ ես ուզում եմ բարի լինել», — Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է նա: «Ես ուզում եմ փորձել փրկել այդ բոլոր կյանքերը, եթե կարողանամ… Բայց ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ուժ կիրառել», — հավելել է նա:
Նշենք, որ ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին, հաղորդել էր, որ Նեթանյահուն ճնշում է գործադրել Թրամփի վրա՝ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Իրանին հարվածելու համար։ Թրամփը, սակայն, հակված է եղել հնարավորություն տալ, որպեսզի այժմ ընթացող բանակցությունները շարունակվեն, գրել էր լրատվամիջոցը։
Մինչ Թրամփը սպառնաել է նոր հնարավոր հարվածներով, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին զգուշացրել է միջազգային հանրությանը, որ ցանկացած աստիճանի կամ տեսակի սպառնալիք կստանա «անհապաղ, արդյունավետ և աշխարհագրորեն սահմանափակում չունեցող» արձագանք:
Պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Խամենեին հանդիպել է Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարների հետ և հանձնարարել նրանց պատրաստվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր նոր ռազմական գործողություններին։
Euronews-ը գրում է, որ «աշխարհագրորեն սահմանափակում չունեցող պատասխան» սպառնալիքը նշանակում է, որ նոր հարձակման դեպքում Իրանը կարող է թիրախավորել ոչ միայն Եվրոպան, այլև Հարավային Կովկասը։
Պետական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ Խամենեին, որը փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր հանրությանը չի հայտնվել, նաև կոչ է արել թարմացնել ԱՄՆ-ում և Իսրայելում հնարավոր թիրախների ցանկը»։