Ձմեռային արձակուրդները պարտադիր չէ անցկացնել ցրտի ու ձյան պայմաններում։ Եվրոպայում կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ նույնիսկ դեկտեմբերին և հունվարին օդի ջերմաստիճանը պահպանվում է 10-20 աստիճանի սահմաններում՝ հնարավորություն տալով վայելել արևը, ծովափնյա զբոսանքներն ու տեսարժան վայրերը՝ առանց զբոսաշրջիկների մեծ հոսքի։
Կանարյան կղզիներ, Իսպանիա – Եվրոպայի ամենատաք ձմեռային ուղղություններից մեկը։ Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը 18°C է, հունվարին՝ 20°C։ Հատկապես հայտնի են Տեներիֆեն, Լանսարոտեն և Ֆուերտեվենտուրան։

Բուդվայի Ռիվիերա, Չեռնոգորիա – Ձմռանը այստեղ ջերմաստիճանը հասնում է 13-14°C-ի։ Զբոսաշրջիկներին սպասում են դատարկ լողափեր, ծովափնյա զբոսանքներ և հանգիստ մթնոլորտ։

Սիցիլիա, Իտալիա – Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը 16°C է։ Սա հարմար ժամանակ է պատմական վայրերն ուսումնասիրելու և իտալական խոհանոցը վայելելու համար։

Դուբրովնիկ, Խորվաթիա – Դեկտեմբերին և հունվարին ջերմաստիճանը 13-14°C է։ Քաղաքը գրավում է իր միջնադարյան ճարտարապետությամբ և ծովային տեսարաններով։

Ալբանական Ռիվիերա – Սարանդեում և Հիմարեում ձմռանը ջերմաստիճանը պահպանվում է 13-14°C-ի սահմաններում։ Հանգիստն այստեղ նաև ավելի մատչելի է դառնում զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո։

Մադեյրա, Պորտուգալիա – «Հավերժական գարնան կղզում» դեկտեմբերին միջին ջերմաստիճանը 19°C է, հունվարին՝ 18°C։ Այն հատկապես հարմար է բնության սիրահարների և արշավների համար։

Կիպրոս – Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը 16°C է, հունվարին՝ 17°C։ Կղզին առաջարկում է ինչպես ծովափնյա հանգիստ, այնպես էլ մշակութային զբոսաշրջություն։

Մալթա – Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը 14°C է, հունվարին՝ 15°C։ Այստեղ կարելի է համատեղել պատմական վայրերի ուսումնասիրությունն ու ծովափնյա զբոսանքները։

Հռոդոս, Հունաստան – Ձմռանը ջերմաստիճանը միջինում 14-15°C է։ Կղզին հայտնի է իր լողափերով, պատմական հուշարձաններով և գեղեցիկ բնապատկերներով։

Կադիս, Իսպանիա – Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը 13°C է, հունվարին՝ 16°C։ Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկն առանձնանում է պատմական կենտրոնով, նավահանգստով և գեղատեսիլ փողոցներով։

Այսպիսով, ձմեռային հանգիստը պարտադիր չէ սահմանափակել լեռնադահուկային հանգստավայրերով․ Եվրոպայի մի շարք ուղղություններ հնարավորություն են տալիս նույնիսկ տարվա ցուրտ ամիսներին վայելել մեղմ եղանակն ու արևոտ օրերը։