Հայկական կողմը հավաստիացրել է, որ սահմանային որևէ փոփոխություն տեղի չի ունենա, և տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներ չեն տեղակայվելու, պնդում են Թեհրանից։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի խոսքով՝ հայկական կողմը նաև հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու են հայկական ընկերությունները։
«Մեզ ասացին, որ այս նախագծի իրականացումը ոչ մի կերպ չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության, շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, իսկ ամերիկյան զինվորականները չեն տեղակայվի այդ տարածքում»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը չի կարող անտեսել օտարերկրյա ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնարավոր ապակառուցողական գործողությունների ռիսկերը։