Թրամփը հայտնել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է Nvidia-ի գործադիր տնօրենի սիրավեպը ենթադրաբար չինական հետախուզության աշխատակցի հետ։
«Մենք դա կպարզենք։ Ես գիտեմ, որ ՀԴԲ-ն (ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրո) զբաղվում է այս գործով մի փոքր այլ համատեքստում, և կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի», — Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը։
Թրամփին հարցրել են՝ արդյո՞ք նա հաջորդ շաբաթ Չինաստանում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը կքննարկի այն կնոջ՝ չինական հետախուզության օգտին աշխատելու մասին պնդումները, ում հետ Հուանգը հարաբերությունների մեջ է եղել։
«Ոչ, չեմ կարծում։ Հնարավոր է՝ նախագահ Սի Ծինփինը ինքն ինձ հարցնի այդ մասին։ Պարզապես ես շատ լավ գիտեմ Ջենսենին։ Ես նրան շատ ազնիվ մարդ եմ համարում։ Նա պարզապես հիանալի է։ Նա հիանալի ամերիկյան ընկերություն է ստեղծել», նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Նրան հարցրել են, թե արդյոք նա գիտեր Nvidia-ի ղեկավարի այդ հարաբերությունների մասին, երբ մայիսին մեկնել էր Չինաստան։
«Ոչ, ես այն ժամանակ դրա մասին չէի լսել, բայց շատերն են լսել, իսկ Ջենսենը կատեգորիկ հերքում է, որ իմացել է դրա մասին։ Ես այսօր հարցրեցի նրան, և նա ասաց, որ բացարձակապես ամենափոքր պատկերացումն անգամ չի ունեցել, որ այդ մարդը լրտես է եղել։ Եվ ես իսկապես հավատում եմ նրան»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ընկերության ղեկավարը աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում խոստովանել էր կասկածյալի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին և նշել էր, որ իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, Չինաստանի ԱԳՆ-ն երեկ զրպարտություն որակեց նշյալ կնոջ՝ չինական հետախուզության օգտին աշխատելու մասին պնդումները, որի հետ կապեր է ունեցել Հուանգը։