Ամստերդամը պահանջում է Արսեն Գևորգյանի մահվան միջազգային քննություն

կողմից admin1
Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել անհապաղ միջազգային քննություն սկսել՝ պարզելու կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
Ամստերդամի խոսքով՝ Գևորգյանի նկատմամբ մինչև կալանավորումն արդեն հրապարակային արշավ էր ընթանում, իսկ նրա մեղավորությունը որևէ դատարան չէր հաստատել։
«Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը։ Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեղադրանքը ներկայացնել որպես ապացուցված մեղք։ Կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է»,– ընդգծել է իրավապաշտպանը։
Ամստերդամը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ ինչ պայմաններում է Գևորգյանը պահվել կալանքի տակ և ինչ հանգամանքներում է մահացել։
«Կալանքի տակ նա չէր կարող ինքնուրույն բժշկի դիմել։ Նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու անմիջական պարտականությունը Հայաստանի իշխանություններինն էր»,– գրել է Ամստերդամը։
Նա կոչ է արել միջազգային քննություն անցկացնել՝ պարզելու Գևորգյանի մահվան հանգամանքները և գնահատելու իշխանությունների գործողությունները։
Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode