Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ մասնակցելով Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը։
Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ընթացքում։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Հանդիպմանն անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին և նավթային ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին՝ Բովարդը նշել է, որ Իրանի նավթի նախարարությունը Հայաստանի հետ կապերի զարգացման որևէ սահմանափակում չի տեսնում։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է իր տեխնիկական և ինժեներական ներուժն օգտագործել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի կառուցման համար։
Բովարդը տեղեկացրել է, որ արդեն արդյունավետ բանակցություններ են անցկացվել գործարանի շինարարությանն իրանական մասնավոր հատվածի ներգրավման շուրջ։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել և ընդունել հայկական կողմի առաջարկներն ու դիտարկումները։
Հանդիպման ընթացքում Իրանի նավթի նախարարի պաշտոնակատարը նաև առաջարկել է Հայաստանի հետ զարգացնել գազային առևտրի նոր ուղղություններ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկապես ուսումնասիրել այլընտրանքային երթուղիների հնարավորությունները։
Նա առանձնացրել է նաև Իրանի Նավթի կենսաթոշակային հիմնադրամին կից ընկերությունների ներուժը՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ հնարավորություններ ունեն Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու համար։
Բովարդը հայտնել է նաև Հայաստան հեղուկ գազի (LPG) անսահմանափակ արտահանման և այդ նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրման Իրանի պատրաստակամության մասին։
Կարևորելով առաջարկների գործնական քննարկումն ու առաջմղումը՝ նա առաջարկել է հարցերը տեխնիկապես ուսումնասիրել համատեղ աշխատանքային խմբի շրջանակում։ Իրանի պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ իր երկիրը պատժամիջոցների ամենաբարդ պայմաններում զգալի փորձ է կուտակել նավթային արդյունաբերության ոլորտում և պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել ամենաբարձր մակարդակով։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը և Իրանը տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ ընդլայնելու Իրանի հետ գազի և նավթամթերքի առևտուրը։ Նա նաև նշել է, որ հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների դրական փորձը լավ հիմք է ստեղծում համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար։ Խուդաթյանը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է էներգետիկայի տարբեր բնագավառներում սերտորեն համագործակցել նաև իրանական մասնավոր հատվածի հետ։