«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր մեղադրել է Ֆինանանսների նախարար Վահե Հովհաննիսյանին բյուջեի թվերին չտիրապետելու մեջ։
ԱԺ-ում 2027-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում նա նշել է. ««Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ձեզ հարց տվեց բյուջեի մակրոտնտեսական երկու առանցքային ցուցանիշների մասին, դուք չկարողացաք պատասխանել, դրանից հետո մեկ այլ պատգամավոր՝ Նոնա Հովհաննիսյանը, հարց տվեց ձեր կառավարության համար շատ կարևոր ներդրումային նախագծերից մեկի իրականացման դեպքում պետության հնարավոր օգուտների մասին, դուք էլի չկարողացաք պատասխանել։ Ըստ էության՝ դուք չեք տիրապետում ցուցանիշներին։
Ձեզ հարցնում են՝ բյուջեի դեֆիցիտը ինչքա՞ն է, ասում եք թիվը չեմ կարող ասել… Դուք ֆինանսների նախարարն եք, եթե թվերը չգիտեք, բա ի՞նչը գիտեք։ Եկել եք Ազգային ժողով բյուջեի նախագիծ ներկայացնելու՝ բյուջեի առանցքային ցուցանիշներին չեք տիրապետում, բա ինչի՞ն եք տիրապետում։ Ընդհանրապես, ձեզ հարց տալու իմաստը էլ ո՞րն է»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակադարձել է, թե շատ թվեր կան, որոնց ինքը չի տիրապետում, որովհետև ՀՀ ազգային վիճակագրությունը հատորներ է, և ինքը պարտավոր չէ այդ հատորների մեջ գրած բոլոր թվերը հիշել։
«Հասկանում եմ, որ դուք զբաղված եք կոնտենտ ստեղծելով։ Ես պատասխանատու եմ իրականացվող քաղաքականության համար, կարող եմ քաղաքականության վերաբերյալ հարցերին շատ ճշգրիտ պատասխանել, ոչ թե ասենք՝ թվերը վերածել դոլարի»,-հակադարձել է Վահե Հովհաննիսյանը։