Ի պատասխան Արմեն Գրիգորյանի հոդվածի «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հանդես է եկել վերլծությամբ։
Նրա մեկնաբանությամբ՝ «Հայաստանը չի կարող հավերժ մնալ ուրիշների շահերի ճամփաբաժնին՝ առանց սեփական քաղաքական հասցեի։ Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերություններն ու ռազմական ներկայությունը չկանխեցին 2020 թվականի պատերազմը, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և 2023 թվականին Արցախի հայաթափումը։ Վերջինս տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ՝ առանց նրանց գործուն միջամտության»։
Արման Բաբաջանյանի կարծիքով՝ «Հայաստանը պետք է ունենա քաղաքական անուն, ազգանուն և հասցե։ Բոլորի հետ համագործակցությունը կարևոր է, սակայն այն չի կարող փոխարինել երկրի ռազմավարական ընտրությանը»։
Նա նշել է. «Առանց որոշակի ուղղության բազմակողմ քաղաքականությունը Հայաստանին թողնում է աշխարհաքաղաքական անորոշության մեջ՝ ստիպելով մշտապես հարմարվել ուրիշների շահերին։ Մեզ անհրաժեշտ են գործընկերներ բոլոր ուղղություններով, սեփական ապագայի տեսլական և դրան հասնելու ճանապարհ»։
«Արմեն Գրիգորյանի առաջարկած բազմակողմ արտաքին քաղաքականությունն ինքնին համատեղելի է եվրոպական ինտեգրման հետ։ ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի և մյուս գործընկերների հետ հարաբերությունների խորացումը կարող է ընդլայնել Հայաստանի տնտեսական, քաղաքական և անվտանգային հնարավորությունները։ Գործընկերների բազմազանությունը Հայաստանի ուժն է, իսկ սեփական զարգացման ուղղության բացակայությունը՝ քաղաքական անորոշության աղբյուր։
Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը պետք է գնահատել երկրի իրական ձեռքբերումներով՝ ավելի ուժեղ տնտեսությամբ, ամուր ժողովրդավարական հաստատություններով, անվտանգության գործուն երաշխիքներով և սեփական շահերից բխող որոշումներ կայացնելու ու դրանք իրականացնելու հնարավորությամբ։
Հայաստանի եվրոպական ապագայի հարցում կարելի է և պետք է վիճել ճանապարհի, ժամկետների, ռիսկերի և պարտավորությունների շուրջ։ Սակայն ամենավտանգավոր սխալը կլինի մեր հնարավորությունների սահմանը որոշել Մոսկվայի հնարավոր հակազդեցությամբ՝ անտեսելով Հայաստանի ներուժն ու քաղաքացիների ազատ կամքը։
Հայաստանը չի կարող հավերժ մնալ ուրիշների շահերի ճամփաբաժնին՝ առանց սեփական քաղաքական հասցեի», եզրափակել է Արման Բաբաջանյանը։