ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու բանագնացներից մեկը՝ Ջարեդ Քուշները, X ցանցում ամփոփել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում երեք օր տևած բանակցությունների արդյունքները։
«Երկու կողմերն այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը և դրանում ընդգրկել մեր եվրոպացի գործընկերներին։ Սա մեզ թույլ կտա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային հարցերին զուգահեռ անդրադառնալ հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն համակարգին», գրել է նա։
Ուկրաինան միշտ կողմ է արտահայտվել բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությանը, սակայն Ռուսաստանը կտրականապես դեմ էր։ Այս դիրքորոշման փոփոխության մասին Մոսկվայից նոր հայտարարություններ առայժմ չեն հնչել։
«Նախագահ Թրամփը վճռական է տրամադրված՝ վերջ դնելու այս սարսափելի պատերազմին։ Զգալի տարաձայնությունները պահպանվում են, սակայն ձեռք բերված առաջընթացը մեզ հուսադրում է։ Մենք կկատարենք անհրաժեշտ ողջ բարդ դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու բեկման, որը թույլ կտա դադարեցնել մարտերը և հիմք կստեղծի տևական խաղաղության, ինքնիշխան, պաշտպանված ու բարգավաճ Ուկրաինայի և ավելի կայուն Եվրոպայի համար»,— ընդգծել է բանագնացը։