Սպիտակ տունը հաստատել է, որ նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Շենժենում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:
Դա է վկայում ԱՄՆ նախագահի նոյեմբերի 15-ի օրակարգը, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Ըստ դրա՝ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Kylin Villa հյուրանոցային համալիրում տեղի ժամանակով 14.30-ին։ Սպիտակ տունն առաջիկա հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել։
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանն էր հայտնել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 19-ին:
Այսօր Չինաստանի արտգործնախարարությունն իր հերթին հաստատել է, որ Սի Ծինպինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Պուտինի և Թրամփի հետ:
«Նոյեմբերի 19-ին նախագահ Սի Ծինպինը Շենժենում կհյուրընկալի Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», — նշված է նախարարության կայքում։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, թե Մոսկվան հույս ունի, որ եռակողմ հանդիպումը դրական կազդի միջազգային ընդհանուր իրավիճակի վրա։