Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Այսօր նա կդառնար 69 տարեկան։
Մոնթեն այն հրամանատարներից էր, որի անունն անքակտելիորեն կապված է Արցախի ազատագրական պայքարի և Քարվաճառի ազատագրման հետ։ Նրա ղեկավարությամբ 1993 թվականի մարտ-ապրիլին իրականացվեց Քարվաճառի ազատագրման ռազմական գործողությունը։ Մոնթեն զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին՝ ընկնելով հերոսի մահով, սակայն անմահացավ հայ ժողովրդի և սերունդների հիշողության մեջ։
Խորհրդանշական ու ցավալի զուգադիպությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։
Այդ օրը հայկական ստորաբաժանումները դուրս բերվեցին Քարվաճառից, փակվեցին դեպի Արցախ տանող հյուսիսային ճանապարհի դարպասները, իսկ «Բարի գալուստ Արցախ» ցուցանակն այլևս չկար։
Ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը կառուցվել էր աշխարհասփյուռ հայերի հանգանակություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ 44-օրյա պատերազմի ընթացքում այն կարևոր նշանակություն ուներ հայկական բանակի և Արցախի միջև կապի պահպանման համար։
Մոնթեն իր կյանքի և պայքարի մի մասը նվիրեց Քարվաճառի ազատագրմանը։ Տարիներ անց, նրա ծննդյան օրը, այդ նույն Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։