Իրանի դեմ այս տարի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո Թեհրանը ներկայումս քիմիական զենք է մշակում, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հնարավոր հարձակման, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսրայել Կացը։
Ինչպես հայտնել է Тimes of Israel թերթը, նա նաև նշել է, որ թեև 2025-ի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Իրանը չի վերսկսել իր միջուկային ծրագիրը, «կան նշաններ, որ փորձում է դա անել»։
Թել Ավիվի իր գրասենյակում իսրայելցի լրագրողների հետ զրույցում Կացն ասել է, որ Իրանը «քիմիական զենք է մշակում», թեև չի հստակեցրել, թե որքան է առաջընթաց գրանցել ենթադրյալ ծրագիրը և որտեղ են այդ աշխատանքներն իրականացվում։
«Իսրայելը թույլ չի տա Իրանին քիմիական զենք ձեռք բերել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարվա հրադադարից հետո իրանցիները «դուրս եկան թունելներից և տեսան, թե ինչ է պատահել իրենց հետ»։ «Նրանք ձգտում են զենք ստեղծել, որը թույլ կտա որոշակի հավասարակշռություն ստեղծել մեր դեմ»,- ասել է նա։
Ըստ լրատվամիջոցների՝ այս ամսվա սկզբին Իսրայելը ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների հետ հետախուզական տվյալներ է փոխանակել այն մասին, որ Իրանը դիտարկում է նրանց դեմ քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։
Kan հանրային հեռարձակողն իր հերթին հայտնել է, որ Իսրայելն ավելի քան մեկ տասնամյակ տեղյակ է եղել Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին։
Kan-ի հաղորդմամբ՝ քիմիական զենքի ծրագրին վերաբերող նյութեր են հայտնաբերվել 2018-ին Իսրայելի կողմից առգրավված իրանական միջուկային արխիվի որոշ փաստաթղթերում, սակայն դրանք չեն առգրավվել միջուկային ծրագրին ավելի անմիջականորեն վերաբերող մյուս փաստաթղթերի հետ միասին։