Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։
Գերմանական Օֆենբուրգի ոստիկանության հաղորդմամբ՝ ընտանիքի երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։
Ինչպես հայտնել են գերմանական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ Ռիխարդ Վագներ փողոցի բնակարաններից մեկում։
Առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը ներսից որևէ մեկը չի բացում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 46-ամյա տղամարդու, նրա 74-ամյա մոր և երեք երեխաների դիերը։ Եվս երկու երեխա՝ 12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ, հայտնաբերվել են ծայրահեղ ծանր վիճակում և փրկարարական ուղղաթիռներով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկաներ, այդ թվում՝ հարևան Ֆրանսիա։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտանիքի բոլոր հինգ երեխաները (10-ից 14 տարեկան) ունեցել են գերմանական և գերմանա-հայկական քաղաքացիություն, իսկ մահացած հայրն ու տատիկը՝ Գերմանիայի քաղաքացիություն։
Ըստ գերմանական մամուլի տեղեկությունների՝ երեխաների մայրը դեպքի պահին բնակարանում չի եղել․ նա ծանր հիվանդ է և գտնվում է մասնագիտացված խնամքի հաստատությունում։