ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանի խոսքով՝ Սահմանադրության նախագիծը լրամշակման բազմաթիվ փուլեր է անցել, այդ թվում՝ մշակվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակներում։
Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում փոխնախարարն այսօր հայտարարել է.
«Խորհուրդը քննարկել է, ներկայացրել է և ի վերջո արդարադատության նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման Սահմանադրության նախագիծը։ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը բացելու է հարթակ նոր քննարկումների, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ներկայացնել առաջարկներ։ Սահմանադրության նախագծի հրապարակման համար մենք առանձնացրել ենք նաև առանձին կայք, որտեղ հնարավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացի ծանոթանալու սահմանադրության տեքստին, ներկայացնելու առաջարկություններ և առաջարկությունները հաշվի կառնեն սահմանադրության տեքստի հաջորդիվ խմբագրումներին»։
Պատասխանելով հարցին՝ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք ներգրավված չեն եղել Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին, Աննա Կարապետյանը հակադարձել է.
«Դատավորների միությունը հասարակական կազմակերպություն է և իր կողմից իրականացվող գործունեության շրջանակներում ևս կարող է ներկայացնել առաջարկներ սահմանադրական բարեփոխումների նոր փոփոխությունների վերաբերյալ»։
Նա նաև պնդել է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է.
«Մենք որևէ կերպ չենք կարող մեկնաբանել այլ պետությունների կողմից մեր Սահմանադրության վերաբերյալ տրված դիտարկումները, բայց խոսքը փաստացի այն մասին է, որ Սահմանադրության տեքստը մշակվել է այն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ, որ ներկայացվել է քննարկման, այսինքն` 2018-ից հետո արդեն իսկ դրվել է խնդիր՝ ունենալու նոր սահմանադրություն, որը կկարողանա բալանսավորել իշխանության թևերը, կկարողանա ապահովել, որ վարչապետի իշխանությունը լինի փաստացի այն իշխանությունը, որը հեղափոխությունից հետո պիտի կարողանար ապահովել»։