20 օր առանց ջրի․ լարված իրավիճակ Հովտաշատում

կողմից admin

Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ, ժողովրդին ավելի հայտնի՝ Մեյմանդար բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչներն իրենց զգում են ոչ թե 21-րդ դարի բնակիչներ, այլ քարե դարի։ Պատճառը մոտ 250-ից ավելի բնակիչների նկատմամբ ոչ սրտացավ մոտեցումն է պատասխանատուների կողմից։

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին.«Ասում են՝ իշխանությունները հետևողական պայքար են տանում, որպեսզի գյուղի մարդկանց ապրելակերպը հեշտանա, որ ոչ մի անհարմարություններ գյուղացին չունենա։ Բայց դա կարծես թե մեր փողոցին չի վերաբերվում։ 20 օրից ավելի է խմելու ջրից հիմնահատակ զրկվել ենք։ Էլ չենք ասում, որ փողոցում և ոչ միայն մեր, բացակայում է կոյուղին, բացակայում է գազը, մինչդեռ գազախողովակնրը Արարատի ԳԳՄ-ի աշխատակիցներն ամենափնթի ձևով են տեղադրել, որ մարդիկ նույնիսկ գազախողովակների պատճառով են հայտնվել շրջափակման մեջ, չեն կարողանում իրենց տուն ներս ու դուրս անել։
Խմելու ջուրը մեր միջոցներով տարիներ առաջ անցկացրել էինք, լավից-վատից ջուր ունեինք։ Եկան, անունը դրեցին թե բարեփոխում են, բայց դա ոչ թե բարեփոխում էր, այլ մի ամբողջ փողոց ավիրելու գործընթաց։
Լսել ենք, որ Մասիսի քաղաքապետն այցելելու է մեզ և այդ ժամանակ արդեն պարզ կլինի մեր հետագա անելիքները։ Իսկ մենք պատրաստ ենք դիմել նույնիսկ ամենակտրուկ միջոցների, այդ թվում՝ ճանապարհ փակելու, բայց չենք ուզում բանը դրան հասնի», ասել են քաղաքացիները։

Focus Mode