Հայաստանում մի շարք հայտնի բժիշկների մասնակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ պացիենտներից վերցված կենսաբանական նմուշների ապօրինի շրջանառության վերաբերյալ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գործի շրջանակում շուրջ 70 բժիշկ է հարցաքննվել, իսկ նրանցից 15-ին մեղադրանք է առաջադրվել։ Խոսքը արյան, մեզի, հյուսվածքների, բջիջների և այլ կենսաբանական նյութերի մասին է։
Ըստ մեղադրանքի՝ տարբեր բժշկական հաստատություններում աշխատող մասնագետները բուժառուներից ստացված նմուշները գումարի դիմաց փոխանցել են «Արտ Բիոֆարմա» ընկերությանը։ Ըստ քննության՝ ընկերությունը դրանք նախատեսել էր ուղարկել Գերմանիա՝ հետազոտությունների նպատակով։
Քննչական մարմինը գործընթացը որակել է որպես մարդու կենսաբանական նյութերի ապօրինի շրջանառություն։ Մեղադրանքներ են առաջադրվել ինչպես ընկերության ղեկավարության և աշխատակիցների, այնպես էլ մի շարք բժիշկների։
Նրանց թվում են տարբեր բժշկական կենտրոններում, այդ թվում՝ «Աստղիկ», Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Արյունաբանական կենտրոնում, Միքայելյան և Իզմիրլյան բժշկական կենտրոններում աշխատող մասնագետներ։
Ըստ գործի նյութերի՝ բժիշկներին մեղադրում են իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ստացված կենսաբանական նմուշները գումարի դիմաց ձեռք բերելու, պահելու և ընկերության ներկայացուցիչներին փոխանցելու համար։ Որոշ դրվագներով խոսքը նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման մասին է։
Գործի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական վարքն ուղարկվել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին։
Միաժամանակ, մեղադրյալների նկատմամբ կիրառվել են անազատության հետ չառնչվող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ և վարչական հսկողություն։
Գործով մեղադրյալներից Երվանդ Հարությունյանի պաշտպան Պարույր Սաֆարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։
«Հիմնավոր բան չկա մեղադրանքում»,- ասել է պաշտպանը՝ նշելով, որ գործի դատական քննության ընթացքում ապացույցները հրապարակային կքննարկվեն։