ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են գրանցվել: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։
Գերատեսչությունից վստահեցնում են, որ ՀՎԿԱԿ-ի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ այսօր կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։
Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:
Նախարարությունից խոստանում են լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո լրացուցիչ տեղեկություն տրամադրել: