3
Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախագիծը հաստատվեց 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ նախկինում իրականացված միավորման 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են։ Ըստ գործադիրի ներկայացուցչի՝ նախաձեռնության ընդունմամբ համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62։
ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի և շարունակվել մինչև 2021թ-ը` մի քանի փուլերով։ Այդ 5 տարիների ընթացքում ՀՀ 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք։