Թալին համայնքի Գառնահովիտ գյուղում 49-ամյա դպրոցի տնօրեն Սրապիոն Գրիգորյանի ինքնասպանության դեպքը շարունակում է մնալ համայնքի ուշադրության կենտրոնում։ Գյուղում նրա մահվան պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան։
Գառնահովտի վարչական ղեկավար Եղիշե Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքն անսպասելի է եղել, քանի որ տնօրենին գյուղում ճանաչում և հարգում էին։
Նրա խոսքով՝ Սրապիոն Գրիգորյանը շուրջ 15 տարի աշխատել է դպրոցում, իսկ վերջին 10 տարիներին ղեկավարել է այն։ Դպրոցում աշխատում է նաև նրա կինը։ Ընտանիքում երկու որդի կա՝ 21 և 22 տարեկան։
Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն ինքը որևէ կոնկրետ պատճառի մասին տեղեկություն չունի։
«Տարբեր վարկածներ կարող ենք քննարկել, բայց իրական պատճառը ոչ մեկը չգիտի։ Ոչ միայն ինձ համար, այլ ամբողջ գյուղի և համայնքի համար, ով նրան ճանաչում էր, սա անսպասելի դեպք էր»,- ասել է նա։
Դեպքը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գառնահովիտ կատարած այցից և նորակառույց դպրոցի բացումից օրեր անց։ Սոցիալական ցանցերում և տարբեր հրապարակումներում փորձ է արվել տնօրենի մահը կապել դպրոցի հետ, սակայն վարչական ղեկավարն ասել է, որ նման կապի վերաբերյալ իրեն որևէ տեղեկություն հայտնի չէ։
Դեպքի հանգամանքները պարզվում են քննության շրջանակում։