Բոտսվանան հայ ուռուցքաբան Գևորգ Թամամյանին առաջադրել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

կողմից admin2

Բոտսվանայի Հանրապետությունը հայ մանկական ուռուցքաբան, ԵՊԲՀ պրոֆեսոր Գևորգ Թամամյանին առաջադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։

Թամամյանն այդ մասին հայտնել է Facebook-ի իր էջում՝ հայտարարելով իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում իմ թեկնածության մասին, որն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը»,- գրել է նա։

Բժիշկը շնորհակալություն է հայտնել Բոտսվանայի նախագահ Դումա Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։

Թամամյանի խոսքով՝ իր մասնագիտական կարիերայի ընթացքում որպես մանկական ուռուցքաբան՝ նա զբաղվել է սահմանափակ ռեսուրսների պայմաններում բժշկական օգնության զարգացման հարցերով։

«Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով է ապրելու»,- նշել է նա։

Ընտրվելու դեպքում Թամամյանը որպես առաջնահերթություն նշում է ավելի օպերատիվ և արդյունավետ ԱՀԿ-ի ստեղծումը, անդամ պետությունների հետ համագործակցության խորացումը և բժշկական օգնության հասանելիության ընդլայնումը։

Նա նաև կարևորել է ԱՀԿ-ի նկատմամբ վստահության ամրապնդումը՝ ապատեղեկատվության տարածման և միջազգային կառույցների հանդեպ վստահության նվազման պայմաններում։

Գևորգ Թամամյանը Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր է և մանկական ուռուցքաբանության ու արյունաբանության ամբիոնի վարիչը։ Նա ղեկավարում է նաև Իմունաուռուցքաբանության հետազոտությունների ինստիտուտը, գլխավորում է POEM ուռուցքաբանական ցանցը և հանդիսանում OncoDaily-ի գլխավոր խմբագիրը։

ԱՀԿ նոր գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսվում է 2027 թվականի մայիսին՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode